Անտոն Քոչինյանը ծնվել է 1913թ. հոկտեմբերի 12 Ղարաքիլիսայի գավառի
Շահալի գյուղում այժմյան Լոռու մարզի Վահագնի գյուղ: 1924-27թթ. սովորել է
գյուղի տարրական դպրոցում, 1928-31թթ. ուսումը շարունակել գյուղերիտդպրոցումժ։
1932թ. սեպտեմբերին Քոչինյանն ընդունվել է Թիֆլիսի հայկական մանկավարժական
տեխնիկում, բայց ընդամենը մեկ տարի սովորելով՝ վերադարձել է հայրենի
կոլտնտեսություն։ 1933թ. աշնանը Ղարաքիլիսայի կուսշրջկոմը Քոչինյանին ուղարկում է
Երևան՝ ուսանելու Բարձրագույն կոմերիտական գյուղատնտեսական դպրոցում։1937թ.
հոկտեմբերին Քոչինյանն ընտրվում է կոմերիտմիության Ազիզբեկովի շրջկոմի քարտուղար,
իսկ 1939թ. փետրվարին արդեն Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմի կադրերի գծով քարտուղարն էր։
Նույն թվականի դեկտեմբերին Անտոն Երվանդովիչն ընտրվում է 1940թ. մարտին Անտոն
Քոչինյանին ընտրում են Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ և առաջադրում Կենտկոմի
բյուրոյի անդամի թեկնածու։ 1941թ. դեկտեմբերի 5-ին Քոչինյանին տեղափոխում են Երևանի Կիրովի
կուսշրջկոմ, իսկ 1943-ից ղեկավարում է Կոտայքի շրջկոմի կուսկազմակերպությունը։
Կյանքը և
գործունեությունը
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Անտոն Քոչինյանը աշխատանքային ճակատի
ղեկավարներից և ակտիվ մասնակիցներից մեկն էր, որ ամեն ինչ անում էր հաղթանակը
մոտեցնելու համար։
1952թ.
հունվարին Հայաստանը բաժանվում է 3 մարզի, և կուսակցության ամենամեծ մարզկոմի
ղեկավարումը վստահվում է Անտոն Քոչինյանին։ Իր տարածքով մարզկոմը Հայաստանի կեսն
էր կազմում։ Այդ մարզկոմի գործադիր կոմիտեի նախագահն էր Գուրգեն Փահլևանյանը։
Ավելի ուշ իր անձնական հուշերում Գուրգեն Փահլևանյանը գրում էր, որ Հայաստանի
ղեկավարներից ոչ մեկն այդքան լավ չգիտեր հանրապետության տնտեսությունը, որքան
Քոչինյանը։ Անտոն Երվանդովիչը հանգիստ, հավասարակշռված բնավորություն ուներ, գրեթե
երբեք չէր վիճում վերադասների հետ, անգամ երբ իրավացի էր։
Չէր
անցել մեկ տարի, և Գրիգորի Հարությունովը Անտոն Քոչինյանին առաջադրում է ՀԽՍՀ
Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնին։
1953թ.
մարտին վախճանվում է Ի.Վ. Ստալինը։ Ենթադրվում էր, որ անդրկովկասյան մյուս
հանրապետությունների օրինակով Հայաստանում նույնպես ինքնատիպ փոխատեղում կկատարվի,
և Հարությունովն ու Քոչինյանը կփոխվեն տեղերով։ Սակայն Խրուշչովը չէր սիրում
Գրիգորի Հարությունովին, և ամեն բան ընթացավ այլ սցենարով։ 1953թ. նոյեմբերի 28-ին
աշխատանքն է սկսում Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումը, որին մասնակցում է
Մոսկվայից եկած պատասխանատու աշխատողների մի խումբ՝ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար
Պ.Պոսպելովի գլխավորությամբ։ Հարությունովի գործունեությունը պլենումում խիստ
քննադատության է ենթարկվում։
Առաջին
քարտուղարի գործունեությունը բացասաբար գնահատող և ելույթ ունեցողների մեջ էր նաև
Քոչինյանը։ Հարությունովը հանվում է զբաղեցրած պաշտոնից։ Տասնամյակներ անց, արդեն
թոշակի անցնելուց հետո, Քոչինյանն այլ կերպ է գրում. «Հարությունովն ամեն կերպ
նպաստում էր արդյունաբերության նոր ճյուղերի ստեղծմանը և, կրթյալ մարդ լինելով,
բավականաչափ ուժ ու ժամանակ էր տրամադրում մշակույթի զարգացմանը»։
Ավելի
քան 13 տարի Անտոն Երվանդովիչն աշխատել է Հայաստանի Սովմինի նախագահի պաշտոնում։
Այդ ընթացքում, բացի Գրիգորի Հարությունովից, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին
քարտուղարի պաշտոնում աշխատել են նաև Սուրեն Թովմասյանն ու Յակով Զարոբյանը։
Մեծ
է Ա. Քոչինյանի վաստակը խոշոր, հանրապետության զարգացման համար կարևոր
նշանակություն ունեցող օբյեկտների շինարարության գործում։ Նրա հետևողականության և
համառության և ԽՍՀՄ ավտոմեքենաշինության մինիստրության ամենաակտիվ աջակցության
արդյունքում Երևանում կառուցվեց «ԵրԱԶ» ավտոգործարանը։
Կոմկուսի
Կենտկոմի նախկին քարտուղար և միևնույն ժամանակ հանրապետության ժողտնտխորհի
նախագահ, լեգենդար Եղիշե Թևոսի Ասցատրյանի հուշերից. «Հանրապետութան ժողտնտխորհի
նախագահ աշխատածս տարիներին մեծ խնդիր էր դարձել մայրաքաղաքի բնակչության թվի և
արդյունաբերական պոտենցիալի չարդարացված աճը՝ ի վնաս հանրապետության մյուս
քաղաքների և գյուղական շրջանների։ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմը և Մինիստրների
խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին նոր օբյեկտները հիմնականում մայրաքաղաքի
սահմաններից դուրս, Երևանի արբանյակ քաղաքներ կամ հանրապետության այլ շրջաններ
տեղափոխելու մասին։ Այդ քաղաքներից մեկն էր Աբովյան նոր շրջկենտրոնը։ Ա.Քոչինյանի,
Յա.Զարոբյանի և տողերիս հեղինակի ջանքերով ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների
խորհրդի որոշման մեջ հաջողվեց ավելացնել ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության
համակարգի երեք խոշոր գործարանների շինարարությունը, որտեղ պետք է աշխատեին 15
հազար աշխատավորներ, ծառայողներ և ինժեներատեխնիկական աշխատակիցներ։ Երբ սկսվեց
ժամանակավոր և օժանդակ օբյեկտների շինարարությունը, Երևան եկավ Խարկովի նախագծային
ինստիտուտի մասնագետների խումբը՝ հիմնական օբյեկտների գտնվելու վայրի և
շինաշխատանքների հետ կապված հարցերը վերջնականապես լուծելու համար։ Սակայն այն
ժամանակ դեռ քարքարոտ, անապատային, բուսազուրկ ու ամայի տեղանքն ուսումնասիրելուց
հետո նախագծողները կտրականապես դեմ էին անհրաժեշտ նախագծերը կազմելուն՝ իրենց
կարծիքը հիմնավորելով նրանով, որ այդ պայմաններում անթույլատրելի է ճշգրիտ սարքերի
արտադրությունը։ Ա.Քոչինյանը զանգահարում է Ուկրաինայի Մինիստրների խորհրդի նախագահին,
Յա.Զարոբյանը՝ Ուկրաինայի Կոմկուսի Կենտկոմի քարտուղարին, իսկ ես՝ Խարկովի մարզի
ժողտնտխորհի նախագահին, բայց նրանք բոլորն էլ միաձայն պնդում են, որ նախագծային
ինստիտուտը ենթարկվում է միութենական մինիստրությանը, և իրենք հիմքեր չունեն
միջամտելու տեխնիկական հարցերին։ Այսպես սպառնալիքի տակ է հայտնվում ոչ միայն
արդիական գործարանների շինարարությունը, այլև առհասարակ 45 հազար բնակիչ ունեցող
Աբովյան քաղաքի բարեկարգության հարցը։ Ա.Քոչինյանի առաջարկով միասին թռչում ենք
Մոսկվա, հանդիպում Կենտկոմի, Սովմինի և ԽՍՀՄ Պետպլանի պատասխանատու աշխատակիցների
հետ և քննարկման արդյունքում գալիս ենք միասնական կարծիքի, որ, քանի որ
համապատասխան որոշումը ներառված է ԽՄԿԿ Կենտկոմի որոշման մեջ, այն պետք է
անվերապահորեն կատարել, սակայն տեխնիկական տեսակետից ընդունելի պայմաններով, ինչի
համար պատասխանատվություն է կրում միութենական մինիստրությունը։ ԽՍՀՄ էլեկտրոնային
արդյունաբերության մինիստրն ուշադիր լսեց մեր փաստարկները և առաջարկություններն ու
տեխնիկական և ճյուղային վարչությունների հետ հարցի քննարկումից հետո կարգադրեց
նախագծային վարչության պետին հանձնարարել Խարկովի նախագծային ինստիտուտին պարտադիր
կարգով ապահովել նախատեսված օբյեկտների նախագծումը, ինչն էլ արվեց նախատեսված
ժամանակում։ Ի դեպ, ինչպես պարզվեց ԽՍՀՄ Պետպլանում, Ուկրաինայի ղեկավարությունը
մեծ ջանքեր էր գործադրում, որպեսզի այդ գործարանները կառուցվեն իրենց մոտ,
հանրապետության տարբեր մարզերում, բայց հարցը լուծվեց հօգուտ Հայաստանի։
Ա.Քոչինյանը
ծանրակշիռ ավանդ է ունեցել Սոդքի ոսկու հանքերի երկրաբանահետախուզական
աշխատանքների կազմակերպման և ոսկու հարստացման ֆաբրիկայի շինարարության գործում։
Նախ՝ ոսկու պաշարների գնահատման նպատակով երկրաբանական աշխատանքների անցկացման
համար շատ ժամանակ և ֆինանսական մեծ ծախսեր էին պահանջվում, և միշտ չէ, որ այդ
գործոնները հեշտ էին պլանավորվում։ Տեղում այդ աշխատանքն արդյունավետորեն կատարում
էր Սոդքի երկրաբանական արշավախմբի պետ Սամվել Մաթևոսյանը։ Քանի որ աշխատանքների
ֆինանսական ապահովումը գալիք տարվա համար սպառնալիքի տակ էր, Ա.Քոչինյանի
հանձնարարությամբ մենք մշակեցինք առաջարկություններ՝ ներկայացնելու համար ԽՍՀՄ
Մինիստրների խորհուրդ՝ որպեսզի այդ բարդ ու աշխատատար գործի ֆինանսավորման
համապատասխան որոշում ընդունվի։ Միևնույն ժամանակ, ես հանձնարարեցի Ս.Մաթևոսյանին
լաբորատոր պայմաններում ոսկու հանքակտորից 100 գրամ մաքուր ոսկի կորզել երկրի
ղեկավարությանը ցուցադրելու համար։ Մոսկվա թռչելուց առաջ Ա.Քոչինյանի հետ մենք մեկ
անգամ ևս այցելեցինք Սոդք, ծանոթացանք իրավիճակին և, վերցնելով անհրաժեշտ
փաստաթղթերը, թռանք Մոսկվա։ Երբ մոտեցանք Կրեմլին, ես Ա.Քոչինյանին հանձնեցի ոսկու
ավազով լի սրվակը, և նա այն դրեց կաշվե թղթապանակի մեջ, որպեսզի ցույց տա
Ա.Կոսիգինին։ Բայց կառավարության շենքի առջև, երբ դուրս եկանք մեքենայից, կատարվեց
անսպասելին. սրվակը հանկարծ ընկավ, և ոսկու կտորները ցրվեցին ասֆալտի վրա։ Մենք
ստիպված էին տառացիորեն չոքած հավաքել դրանք։
Այնպես
պատահեց, որ այդ ժամին Կրեմլում կարևոր խորհրդակցության էին հրավիրված միութենական
բոլոր հանրապետությունների ղեկավարները, և մեզ այդ վիճակում տեսան Ղազախստանի և
Ուզբեկստանի ղեկավարները, որոնք հիացմունքով բացականչեցին. «Այ քեզ հրաշք, հայերն
անգամ Կրեմլի ասֆալտապատված մայթերից են ոսկի կորզում»։
Սա՝
իմիջիայլոց։ Երկրաբանահետախուզական աշխատանքների հետագա ֆինանսավորման հարցը
Մինիստրների խորհրդի կարգադրությամբ դրական լուծվեց։ Բայց դժվարացավ հարստացուցիչ
ֆաբրիկայի կառուցման տեղի ընտրության հարցը։ Նախագծողները պնդում էին, որ ֆաբրիկան
կառուցվի անմիջապես հանքավայրերի կողքին, որպեսզի ստիպված չլինեն մեծ տարածություններ
տեղափոխել, և միջոցներ խնայվեն, իջնի արտադրանքի ինքնարժեքը։ Մենք հո լավ գիտեինք,
որ հանքի հարստացման ժամանակ կիրառվում են թունավոր նյութեր, և պնդում էինք, որ
հարստացուցիչ ֆաբրիկան կառուցվի Սևանի ջրավազանից դուրս, հարավում, Արարատի շրջանի
համեմատաբար անապատային տարածքում։ Այսօր նույնիսկ դժվար է պատկերացնե, թե ինչ
պայքար էր ընթանում աղետից Սևանը փրկելու համար։ Շնորհիվ Ա.Քոչինյանի
հեղինակության, նրա համառության դրական լուծում ստացան Հրազդան-Վարդենիս
երկաթուղու, Վարդենիս-Հրազդան կոյուղային կոլեկտորի, ինչպես նաև հարստացուցիչ
ֆաբրիկան Արարատում, Արաքսի ափին կառուցելու հարցերը»։
Էներգետիկ
ռեսուրսների և փայտանյութի անբավարարության պատճառով, բնակչության և
արդյունաբերության արագ աճի պայմաններում, հանրապետությունում առաջ եկան
դժվարլուծելի խնդիրներ՝ կապված բնակչությանն ու արտադրական ձեռնարկությունները
վառելիքով ապահովելու, մարդկանց կենցաղային պայմանները բարելավելու հետ։ Այդ
խնդիրների լուծման մեջ մեծ է Ա.Քոչինյանի դերը, որը մեծ աշխատանք է կատարել
գյուղատնտեսական օբյեկտների ու բնակավայրերի լիակատար գազիֆիկացման համար։ Հարցերի
ճիշտ առաջադրումը, համառությունն ու մարդկանց համոզելու կարողությունը, ինչպես նաև
սերտ հարաբերությունները ԽՍՀՄ գազի արդյունաբերության մինիստր Կորտունովի և երկրի
էլեկտրիֆիկացիայի մինիստր Նեպորոժնու հետ թույլ տվեցին համեմատաբար սեղմ ժամկետում
լուծել այդ կենսական խնդիրները, և հանրապետության բնակչությունն ապահովվեց
«երկնագույն վառելիքով» և էլեկտրաէներգիայով։
Ա.Քոչինյանը
վճռորոշ դեր է խաղացել երկաթուղիների շինարարության և Երևանի մետրոպոլիտենի բարդ
ու թանկ արժեցող շինարարության հարցի դրական լուծման և իրականացման գործում։ Այդ
ժամանակ Սևան-Հրազդան էլեկտրակայանների կասկադի և ԿանԱԶ գործարանի շինարարության
հետ կապված՝ արդեն կառուցվել և գործում էր Երևան-Չարենցավան երկաթուղին։ Սակայն
խորհրդային իշխանության տարիներին հանրապետության բոլոր ղեկավարների առջև կանգնած հարցը
եղել է Երևան-Սևան-Աղստաֆա երկաթուղու շինարարությունը, որն այդպես էլ չէր
հաջողվում լուծել։ Խնդրի լուծմանը ձեռնամուխ եղավ Ա.Քոչինյանը։
Երկաթուղու
շինարարության անհրաժեշտությունը թելադրվում էր նրանով, որ այն հնարավորություն
կընձեռեր ապահովել լեռնաքիմիական գործարանի բեռնափոխադրումը Չարենցավան-Հրազդան
հատվածում, մյուս կողմից՝ կապահովեր ոսկու հանքաքարի տեղափոխումը Հրազդան-Սոդք
հատվածից դեպի Արարատ՝ հարստացուցիչ ֆաբրիկա։ Ակտիվ և համառ աշխատանքի արդյունքում
այս հարցը դրական լուծում ստացավ, և սկսվեց շինարարությունը։ Ինչ վերաբերում է
լեռնաքիմիական կոմբինատից մինչև Դիլիջան-Աղստաֆա գծին, ապա դրա շինարարությունը
հետաձգվեց երկրորդ հերթի համար և իրականացվեց արդեն Կարեն Դեմիրճյանի օրոք։
Ա.Քոչինյանի
ջանքերի շնորհիվ դրական լուծվեց նաև Երևանի մետրոպոլիտենի շինարարության հարցը,
որի անհրաժեշտությունն ակնհայտ էր։
Ա.Քոչինյանը
մեծ ավանդ է ներդրել մարզական կառույցների, հանգստյան տների ու առողջարանների
կառուցման գործում։ Դահուկային սպորտի մեծ սիրահար լինելով՝ նա հաճախ էր լինում
ամենագեղեցիկ վայրերից մեկում, որն ասես հատուկ նախատեսված էր այդ մարզաձևի համար՝
Ծաղկաձորում։ Այն ժամանակ ԽՍՀՄ սպորտկոմիտեն հարմար տեղ էր փնտրում
լեռնադահուկային բազայի շինարարության համար, որը կհամապատասխաներ համաշխարհային
ստանդարտներին, քանի որ բարձրակարգ մարզիկների պատրաստումը շատ բանով
պայմանավորված էր ժամանակակից լեռնադահուկային ուղիների առկայությամբ։ Իմանալով
սպորտկոմիտեի մտադրության մասին՝ Ա.Քոչինյանը Յա.Զարոբյանի հետ միասին մեծ ջանքեր
է գործադրում, որպեսզի այդ բազան կառուցվի Ծաղկաձորում։ Հետևողական և ջանադիր
աշխատանքի արդյունքում բազան կառուցվում է հենց Հայաստանում, թեև կային
այլընտրանքային տարբերակներ։
Հետագայում,
Ա.Քոչինյանի նախաձեռնությամբ Ջերմուկում, Սևանի ափին, Դիլիջանում, Հանքավանում,
Կիրովականում, Ստեփանավանում և այլ վայրերում կառուցվեցին առողջարաններ, հանգստյան
տներ, պիոներական ճամբարներ, որտեղ բուժվում և հանգստանում էին տասնյակ հազարավոր
աշխատավորներ և նրանց ընտանիքի անդամները։ Առողջարանային հաստատությունների այդ
ամբողջ ցանցը հիմք դարձավ հանրապետության սոցիալ-տնտեսական և առողջապահության
զարգացման հզոր ճյուղի ստեղծման համար։
Հայկական
ԽՍՀ Մինիստրների խորհուրդը պատրաստեց որոշման նախագիծ Հայոց ցեղասպանության զոհերի
հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու մասին։ 1965թ. փետրվարի 15-ին Հայաստանի
Կոմկուսի Կենտկոմի հավանությանն արժանանալուց հետո՝ 1965թ. մարտի 16-ին եղավ
Հայաստանի Սովմինի համապատասխան որոշումը։
Հուշահամալիրների
մրցութային մակետները ցուցադրվեցին Ճարտարապետների տանը, և հատուկ հանձնաժողովը
հաղթող ճանաչեց ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի, քանդակագործ
Վանիկ Խաչատրյանի հեղինակային կոլեկտվի նախագիծը։
Այսպիսով,
հուշակոթողի շինարարությունը, որը սկսվեց շնորհիվ Յակով Զարոբյանի համառության,
հանդիսավորապես ավարտվեց արդեն Անտոն Քոչինյանի օրոք, 1967թ. նոյեմբերի 29-ին,
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 47-րդ տարեդարձի օրը։
1966թ.
փետրվարին, երբ Յա.Զարոբյանն ազատվեց պաշտոնից, Ա.Քոչինյանն ընտրվեց Հայաստանի
Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար։ Նոր պայմաններում և նոր պաշտոնին նա ավելի
համարձակ էր գործում, քան նախորդ տարիներին։ Դա թույլ տվեց նրան ավելի
օպերատիվորեն լուծել հանրապետությունում ծագող հարցերն իշխանության կենտրոնական
մարմիններում։
1968թ.
մայիսի 25-ին տեղի ունեցավ հայ ժողովրդի սխրանքի ու հերոսության վկայություն
Սարդարապատի համալիրի հանդիսավոր բացումը, իսկ արդեն մի քանի ամիս անց Հայաստանի
մայրաքաղաքը նշեց Էրեբունի-Երևանի 2750-ամյակը։ Էրեբունի թանգարանի շենքի առջև,
Արին բերդում, Ա.Քոչինյանի, Երևանի քաղկոմի առաջին քարտուղար Լյուդվիգ
Ղարիբջանյանի, Երևանի քաղգործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանի հետ միասին կանգնած
են հարգարժան մարդիկ՝ գրող Մարիետա Շահինյանը, մարշալներ Բաղրամյանն ու
Բաբաջանյանը, ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը։
Առանձնապես
մեծ աշխատանք է կատարում Ա.Քոչինյանը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման
50-ամյակին նվիրված միջոցառումների պատրաստման ժամանակ։ 1970թ. նոյեմբերի վերջին
Երևան են ժամանում Լեոնիդ Բրեժնևը, առաջին դեմքերը և պատվիրակություններ
Մոսկվայից, Լենինգրադից ու միութենական բոլոր հանրապետություններից, միութենական
մինիստրները, որոնց գործունեությունն անմիջականորեն կապված էր Հայաստանի
տնտեսության հետ, ինչպես նաև հայ սփյուռքի ներկայացուցիչներ արտասահմանյան շատ
երկրներից։
Այդ
հանդիսությունները հանրապետության ղեկավարության ինքնատիպ հաշվետվությունն էին
սեփական ժողովրդի և ողջ երկրի առջև հինգ տասնամյակում հանրապետությունում կատարված
հերոսական աշխատանքի մասին, որի շնորհիվ Հայաստանը վերածվեց ծաղկուն եզերքի, բարձր
զարգացած տնտեսությամբ երկրի՝ գիտատեխնիկական նվաճումներով, կրթության, մշակույթի
ու առողջապահության բարձր մակարդակով։
Հայաստանում
եղած ժամանակ Լ.Բրեժնեևը և միութենական մինիստրությունների ղեկավարները,
ծանոթանալով ներկայացված փաստաթղթերին, տեղում լուծեցին մի շարք կարևոր խնդիրներ՝
կապված հանրապետության տնտեսության հետագա զարգացման հետ։
Առանձին
քննարկվեց հայկական հողերի, մասնավորապես՝ Կարսի նահանգի վերադարձման հարցը, որը
բռնազավթվել էր Թուրքիայի կողմից 1918-1920թթ.։ Հարցը լսվեց Կենտկոմի բյուրոյի
անդամների նեղ շրջանակում՝ Լ.Բրեժնևի մասնակցությամբ։ Ա.Քոչինյանը մանրակրկիտ
պատրաստվել էր այդ հանդիպմանը. նա ներկայացրեց պատմական տեղեկանքներ, փաստաթղթեր,
աշխարհագրական քարտեզներ՝ հայ-թուրքական սահմանների նշմամբ, անգամ հատուկ հրահանգ
էր պատրաստվել։ Լրացուցիչ տեղեկություններ տրամադրվեցին նաև Կենտկոմի բյուրոյի
որոշ անդամների, բայց քննարկման ավարտին կոնկրետ որոշում չընդունվեց։
Այնուամենայնիվ, Ա.Քոչինյանը գոհ էր հանդիպումից, որը թույլ էր տվել բարձրացնել
այդ ճակատագրական հարցը երկրի բարձրագույն իշխանության առջև։
Անտոն
Քոչինյանն այն սակավաթիվ բարձրաստիճան ղեկավարներից էր, որը եղել է Լեռնային
Ղարաբաղում, գիտեր տեղի պայմաններն ու կադրերին, հետաքրքրվում էր ղարաբաղցիների
հիմնախնդիրներով։
Ժամանակի
ընթացքում Ա.Քոչինյանի գլխավերևում ևս սկսեցին ամպեր կուտակվել։ Մոսկվա էին ուղարկվում
դիմումներ, բողոքներ, Կենտկոմի բյուրոյի նիստերում տարաձայնություններ էին ծագում։
Ա.Քոչինյանը դրանում տեսնում էր Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղարի
դավերը և դիմեց Լ.Բրեժնևին՝ վերջինին հանրապետությունից դուրս այլ աշխատանքի
տեղափոխելու, իսկ նրա փոխարեն մեկ ուրիշին երաշխավորելու խնդրանքով, որը
կկարողանար օբյեկտիվորեն գնահատել ստեղծված իրավիճակը և զեկուցել ԽՄԿԿ Կենտկոմ։
Ա.Քոչինյանի խնդրանքը բավարարվեց։ Մինչ այդ Հայաստանը միակ միութենական
հանրապետությունն էր, որտեղ երկրորդ քարտուղարը բնիկ ազգության ներկայացուցիչ էր։
Ա.Քոչինյանից
բացի ոչ ոք այդքան երկար չի եղել հանրապետության ղեկավարությունում՝ հաշվի առնելով
նաև Սովմինի նախագահ աշխատած տարիները։ Իր գոյության ողջ ընթացքում, տնտեսության և
ժողտնտեսության մեջ բարձր ցուցանիշներ ապահովելու համար Հայկական ԽՍՀ-ն հինգ անգամ
պարգևատրվել է շքանշաններով, այդ թվում՝ երեք անգամ Լենինի շքանշանով։
Եվ
ահա, այդ հինգ շքանշաններից երեքը հանրապետությունն ստացել է Ա.Քոչինյանի
ղեկավարության ժամանակ. 1968թ. հանրապետությունը պարգևատրվել է Լենինի շքանշանով,
իսկ 1970 և 1972թթ.՝ Հոկտեմբերյան հեղափոխության ու Ժողովուրդների բարեկամության
շքանշաններով։ Այս թեման ավարտելու համար ասեմ, որ Լենինի մյուս երկու շքանշանները
Հայկական ԽՍՀ-ն ստացել է 1958 և 1978թթ.՝ Սուրեն Թովմասյանի և Կարեն Դեմիրճյանի
օրոք։
Ա.Քոչինյանի
դարաշրջանն ավարտվեց 1974թ. նոյեմբերին նրա փոխարեն Կարեն Դեմիրճյանի ընտրությամբ։
Եղիշե Ասցատրյանի հուշերից. «Ա.Քոչինյանը 62 տարեկան էր, երբ նրան ազատեցին
Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, և չնայած նա առողջ էր,
աշխատունակ, աշխատանքի մեծ փորձ ուներ և քանիցս խնդրել էր իրեն աշխատանք տալ, բայց
այդ պաշտոնում նրան փոխարինելու եկած Կենտկոմի քարտուղարն այդպես էլ չլուծեց այդ
հարցը։ Մի անգամ մենք նրա հետ հանդիպեցինք Սովմինի շենքի մոտ, ես հարցրի, թե ոնց է
տրամադրությունը, առողջությունը, ինչ կա աշխատանքի հետ կապված։ Նա զայրացած
պատասխանեց. «Ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը։ Ինձ նույնիսկ Կենտկոմ չեն թողնում, որ
անդամավճար մուծեմ»։
Կուզենայի
ուշադրություն հրավիրել մի քանի դրվագի վրա, որոնք բնութագրում են Անտոն
Երվանդովիչին։ Հոդվածիս հեղինակը լավ ծանոթ էր Հայաստանի նախկին ղեկավար Գրիգորի
Հարությունովի դստեր՝ Նամի Միկոյանի հետ։ 60-ականների սկզբին, Սովմինի նախագահ
եղած ժամանակ, Անտոն Քոչինյանը նրան հայտնել է իր ափսոսանքը 1953թ. նրա հորն
աշխատանքից հանելու ժամանակ իր այդպես վարվելու համար և դա բացատրել է այսպես.
«Նամի, այնպիսի ժամանակներ էին, անհնար էր այլ կերպ վարվել»։ Այդ ժամանակվանից ի
վեր սկսվեց նրանց բարեկամությունը, որը շարունակվեց մինչև նրա կյանքի վերջը։ Ամեն
անգամ Մոսկվայում լինելիս, չնայած Սովմինի նախագահի, իսկ հետագայում՝ Հայաստանի
Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի ծանրաբեռնվածությանը, Ա.Քոչինյանը ժամանակ էր
գտնում և այցելում Նամիին, ինչպես նաև ջերմորեն ընդունում էր նրան Երևանում՝ Կոնդի
կառավարական ամառանոցը տրամադրելով։
Վերջաբան
Արդեն թոշակառու Ա.Քոչինյանը իր ողջ ժամանակն անցկացնում էր Ջրվեժի
ամառանոցի հողակտորում՝ քարքարոտ հողը ծաղկաստանի վերածելով։ Անտոն Քոչինյանը
պարգևատրվել է կառավարական բարձր պարգևներով, ներառյալ՝ Լենինի երկու շքանշանով։
ԽՄԿԿ 23 և 24-րդ համագումարներում ընտրվել է Կենտկոմի անդամ։ Ուներ երեք երեխա՝
մեկ աղջիկ և երկու տղա։ Վախճանվել է 1990թ. դեկտեմբերի 1-ին։ Այսօր ևս, շատ տարիներ
անց, մարդիկ ջերմությամբ են հիշում ժողովրդի սերը վայելող ղեկավարին։
Комментариев нет:
Отправить комментарий